Այս մեթոդով հիմնականում ուսումասիրվում է շագանակագեղձը իր հարակից օրգաններով և հյուսվածքներով: Մանրակրկիտ գնահատական է տրվում նրանց ախտաբանական վիճակին:
Ի տարբերություն կոնքի սովորական սոնոգրաֆիայի, այս դեպքում օգտագործվում է հատուկ էխոզոնդ, որը նախատեսված է ուղիղ աղիքի լուսանցքից գեղձի ուսումնասիրման համար: Այն անմիջապես հպվում է շագանակագեղձին և զերծ է մնում գազերի խանգարիչ ազդեցությունից: Օգտագործվող բարձր հաճախականությունը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել սարքի զգայնությունը չնչին շեղումները հայտնաբերելու համար:
Ցուցումներ
Ներուղիղաղիքային հետազոտման մեթոդն օգտագործվում է գեղձի կասկածելի շեղումները պարզելու, փոքրիկ օջախների հայտնաբերման, մեծացման աստիճանը որոշելու, տղամարդկանց անպտղության և միզարձակման խանգարումների պատճառները հայտնաբերելու նպատակով:
Այն պարտադիր ցուցված է պրոստատսպեցիֆիկ անտիգենի (PSA) բարձր ցուցանիշների դեպքում:
Հակացուցումներ
Սովորաբար հետազոտությունը խորհուրդ չի տրվում կատարել տղամարդկանց, ովքեր ունեցել են ուղիղ աղիքի վիրահատություն: Նման դեպքերում տվիչը դրվում է շեքի մաշկի վրա:
Հետազոտությունը չի կատարվում թութքի սուր շրջանում, ուղիղ աղիքի ճաքի, աղիքային անանցանելիության դեպքում:
Պատրաստություն
Հետազոտությունից 2-3 ժամ առաջ պետք է կատարել մաքրող հոգնա: